Հայաստանի ԱԳՆ-ն եւ Արցախի Պաշտպանության նախարարությունը կոշտ հայտարարություններ են արել սահմանին վերջին սրացման առթիվ:

Հայաստանի ԱԳՆ-ն եւ Արցախի Պաշտպանության նախարարությունը կոշտ հայտարարություններ են արել սահմանին վերջին սրացման առթիվ: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ադրբեջանական կողմը հայտնել է իր սպայի մահվան մասին, իսկ հունիսի 1-ին հայտնի է դարձել, որ հակառակորդի կրակոցից 19-ամյա հայ զինծառայող է զոհվել: Էսկալացիան մի քանի կողմ ունի, եւ մի քանիսի մասին արժե առանձնացնել:

Բրյուսելում Արեւելյան գործընկերության վեհաժողովից հետո Բաքվում գիտակցել են, որ իրենց երկրի տարածքային ամբողջականությունը միջազգային արդի օրակարգի մեջ չի մտնում: Ենի Ազերբայջան կուսակցության ֆունկցիոներ Սիյավուշ Նովրուզովը պատմել է, որ Բրյուսելում բանակցությունների ժամանակ ճնշումներ են գործադրվել Ադրբեջանի վրա երկրի տարածքային ամբողջականության հարցում: Նա դա կապել է հայկական լոբբիի հետ: Ընդ որում, այդ երկրի ԱԳՆ-ն խոսում է համաշխարհային հանրության երկակի չափանիշների մասին:

Այդպիսի իրավիճակը Ադրբեջանին դրդում է որոնել այլ ուղիներ: Նմանատիպ միջոցներից մեկը կարող է լինել Հայաստանում ներքին հակասությունների հրահրումները: Ադրբեջանական մամուլը ակտիվ պտտում է Հայաստանի և Արցախի միջև հակասությունների թեման: Մասնավորապես, Ադրբեջանի ազդեցիկ նախկին դիվանագետ Թոֆիկ Զուլֆուգարովը բացել է փակագծերը և հայտարարել է, որ հայտնի չէ, թե որտեղից են տվել ադրբեջանցի մայորի սպանության հրամանը՝ Երևանից, թե Ստեփանակերտից: Ադրբեջանը բացահայտ փորձում է սեպ խրել հայկական մայրաքաղաքների միջև և խաղալ դրա վրա:

Սակայն դա բացահայտում է ևս մեկ կարևոր կողմ՝ ո՞վ է սպանել ադրբեջանցի մայորին: Եղե՞լ է դա ներսում հարցերի պարզաբանում, թե երրորդ կողմի սադրանք: Արցախի բանակը կտրականապես հերքում է, որ մայորը սպանվել է հայկական կողմի կրակոցից: ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նույնպես նշվում է, որ Ադրբեջանը զոհերի մասին սուտ տեղեկություն է տարածում:

«Հայաստանը կտրականապես դատապարտում է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին երեք օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերը, ինչը դրսևորվել է սեփական կորուստների վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցեին ֆիզիկական բռնության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից հրապարակայնորեն հնչեցված ուղղակի կոչերով և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությանը», – նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Երևանը և Ստեփանակերտը պնդում են, որ մայորի սպանության պատճառներն այլ են, և Ադրբեջանը, իմանալով դա, փորձում է սրել իրավիճակը և առիթ փնտրել պայմանավորվածություններից դուրս գալու համար:

Ինչի՞ց է փորձում խուսափել Բաքուն, մեծացնելով լարվածությունը: Եթե դատենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունից, Հայաստանի՝ բանակցություններին Արցախի մասնակցության պայմանը կարող է ընդունվել: Դրա մասին է վկայում այն, որ Բաքվում համանախագահները հանդիպել են «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ»: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը հրաժարվել է Արցախի անունից մասնակցել բանակցություններին՝ հայտարարելով, որ եթե նա ներկայացնելու է ղարաբաղցիների շահերը, որոնք չեն քվեարկել իր օգտին, ապա Հայաստանի և Արցախի միավորումը պետք արձանագրվի փաստաթղթերով:

Ադրբեջանը չի համաձայնվել բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությանը և չի կարող դրան ողջամիտ բացատրության տալ: Դատելով ամեն ինչից՝ որպես «փոխզիջում» դիտարկվում է բանակցություններին Արցախի ընտրված ներկայացուցչի մասնակցությունը «ադրբեջանական համայնքի» հետ միասին: Ալիևը հասկանում է, որ դա փակուղի է, քանի որ հայկական կողմը չի համաձայնվի դրան: Սակայն նա նաև հասկանում է, որ բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը կարող է իր կարիերայի ավարտը լինել, և նա ամեն ինչ կանի, որպեսզի եռակողմ բանակցություններ տեղի չունենան:

Հայկական կողմը վճռական է տրամադրված: «Ադրբեջանի դատապարտելի այս գործողությունները, շուտափույթ կերպով չդադարելու դեպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգավորման գործընթացի շրջանակներում հետագա քայլերի համար», – նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում: Երևանը նախազգուշացնում է, որ «Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը ոչ մի դեպքում սպառնալիքի տակ չի դրվի»: Արցախի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, նախազգուշացրել է, որ Ադրբեջանի վերջին սադրանքը անպատասխան չի մնա, իսկ հետևանքները ցավոտ կլինեն:

Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի հաջորդ փուլն արդեն տեղային չի լինի: Այդ պատկերը, ըստ նրա, հասկանում են ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում: Նա հայտարարեց, որ Մոսկվան բավարար լծակներ ունի էսկալացիան կանխելու համար, և հավատում է, որ Մոսկվան իրավիճակի սրման դեպքում կօգտվի այլ լծակներից: Նիկոլ Փաշինյանը հազիվ թե հիշեր Մոսկվայի լծակները, որը նույնպես շահագրգիռ է եռակողմ բանակցությունները տապալելու մեջ:

Հայաստանն առաջարկում է ավելի հարմար տարբերակ. ԵԱՀԿ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների մեխանիզմների ներդրում եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում՝ համաձայն 2016 թվականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика