«Զարկերակային գերճնշումն աշխարհում որակվում է որպես լուռ մարդասպան». Երևանի գլխավոր սրտաբան

Հայաստանում մեկնարկում է զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման ու արդյունավետ կանխարգելման ակցիա: Մայիսի 15-ից Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների մարդաշատ վայրերում՝ հրապարակներում, պուրակներում, այգիներում բժիշկ-մասնագետներն անվճար կանցկացնեն զարկերակային ճնշման չափում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ զարկերակային ճնշման չափումից բացի, կիրականցվի փոքրիկ հարցում ռիսկի գործոնների հետ կապված: Խնդիրների դեպքում, անձը կուղղորդվի մասնագետի մոտ:

«Այս ակցիան իրականացվել է 2017 և 2018 թվականներին: Նախորդ տարի 20 հազարից ավելի մարդ է մասնակցել ակցիային, կարող եմ ասել, որ շատերը չեն իմացել, որ իրենք զարկերակային գերճնշում ունեն: Այնպես, որ ես հորդորում եմ հասարակությանը, որ ակտիվ լինեն, մասնակցեն սկրինինգային ծրագրին»,-ասաց Պարունակ Զելվեյանը:
Համացանցից ակտիվ օգտվողները կարող են մուտք գործել sirt.am կայքը և հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ նաև այնտեղ: Ինչո՞ւ պետք է զարկերակային ճնշման վրա այսպես լուրջ, սևեռուն ուշադրություն դարձնել:

Պարունակ Զելվեյանը նշեց, որ սրտանոթային հիվանդացության լրջագույն գործոնը զարկերակային ճնշումն է: Ընդհանուր մահերի կառուցվածքում որպես պատճառ գերակշռողը հենց սրտանոթային հիվանդություններ են: Այդ իսկ պատճառով սրտանոթային հիվանդացության նվազեցումը, կանխարգելումը երկրի համար կարևոր ուղղություններից է: «Զարկերակային գերճնշումն աշխարհում որակվում է որպես լուռ մարդասպան, որովհետև նրանով է սկսվում սրտանոթային հիվանդացությունը: Բայց պետք է ընդգծել, որ հեշտությամբ հայտնաբերվող ռիսկի գործոն է: Մեր նախատեսած ակցիան ուղղված է հենց նրան, որ պարզ չափում իրականացվի, և եթե հայտնաբերվի զարկերակային բարձր ճնշումը, ապա կատարվի գրագետ բուժում»,-ասաց մասնագետը:

Պարունակ Զելվեյանը նկատեց, որ վերջին տարիներին դրական միտում է նկատվում. մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ: 2003 թվականին կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ արդյունավետ բուժվում էր զարկերակային գերճնշում ունեցող անձանց ընդամենը 9 տոկոսը: 2018 թվականի տվյալներով՝ արդեն կա լուրջ ձեռքբերում:
Մասնավորապես, դեղամիջոցներ ստացող պացիենտների 45 տոկոսն արդյունավետ բուժում է ստանում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика