Պուտինին անհանգստացնում են Հայաստանի ինքնիշխան որոշումները

«Մոսկվան որպես լուրջ մարտահրավեր է դիտում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քայլերն Հարավային Կովկասի «ռազմական յուրացման» ուղղությամբ»,- նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այսօր այստեղ ամբողջությամբ դրսևորվում է ԱՊՀ-ի տարածքն իրենց շաբլոններով վերաձևելու արտատարածաշրջանային հայտնի ուժերի բացահայտ նկրտումը: Ռուսաստանի համար որպես լրջագույն ռազմաքաղաքական մարտահրավեր ենք դիտում Հարավային Կովկասի «ռազմական յուրացմանը» միտված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գործողությունները»,- հայտարարել է Զախարովան Ադրբեջանի ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ ավելացնելով. «Հարավային Կովկասում կայունության պահպանումը, տարածաշրջանի առաջընթաց զարգացման ապահովումը՝ Ռուսաստանի նկատմամբ դրա երկրների բարեկամական վերաբերմունքով հանդերձ, այսուհետև էլ կմնա Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակներից մեկը»:

Եթե Զախարովայի հայտարարությունները վերծանենք ավելի պարզ լեզվի, ապա նա ասել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանը համարում է «իր տարածքը», ուստի դրանում ցանկացած գործողություն դիտարկում է որպես իր դեմ ուղղված քայլ։ Հենց այս տրամաբանությամբ է Ռուսաստանը վերաբերում մասնավորապես Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից պարբերաբար անցկացվող զորավարժություններին։

Զախարովայի այս հայտարարությունները լույս են սփռում այն հարցի վրա, թե ինչու Հայաստանը՝ դեմ գնալով հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների զարգացման իր պետական շահին, ավելի հաճախ ձեռնպահ է մնում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունից։ Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին ՆԱՏՕ-ի՝ Վրաստանում կազմակերպած զորավարժությանը Հայաստանը մասնակցեց ընդամենը երեք հոգանոց պատվիրակությամբ, իսկ շաբաթներ առաջ կրկին Վրաստանում կայացած զորավարժությանը չմասնակցեց ընդհանրապես։

Ընդ որում, այս վերջին զորավարժությունների մեկնարկի օրերին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն էր իր հերթին մեղադրել ՆԱՏՕ-ին ու Վրաստանին իրենց կազմակերպած զորավարժություններին այլ երկրների ներքաշելու փորձերի մեջ՝ որպես օրինակ բերելով Հայաստանը։ Այսպիսով, չնայած ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումը բխում է Հայաստանի արտաքին քաղաքական ու անվտանգային շահերից, Հայաստանը ստիպված է լինում կրավորական կեցվածք ընդունել ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներին մասնակցության առումով, քանի որ դա համարվում է ոտնձգություն Ռուսաստանի «տարածքի» նկատմամբ։

Ընդ որում, Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայություն ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ Հայաստանը, քանի որ միայն մեր երկրում Ռուսաստանն ունի ռազմաբազա։

Հետաքրքիր է, որ Զախարովայի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱՄՆ կատարած այցից հետո։

Տոնոյանը, հիշեցնենք, ԱՄՆ-ում բացի հայտնի հայտարարությունից, ունեցել էր նաև տարբեր հանդիպումներ, որից հետո հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է ավելացնելու իր խաղաղապահական գործողությունները։ Դա, ենթադրաբար, նշանակում է հարաբերությունների սերտացում նաև ՆԱՏՕ-ի հետ, ինչը, բնականաբար, չի կարող դուր գալ Ռուսաստանին։

Նշենք, որ նույն հարցազրույցում Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված է կարևորագույն արտաքին քաղաքական գերակայությունների թվին:

Այդ հանգամանքը առանձնակի կարևորություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ»,- հայտարարել է Զախարովան՝ շեշտելով, որ Մոսկվան Բաքվին ու Երևանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում:

Ակնհայտ է՝ Ռուսաստանը մտավախություն ունի, որ կարող է կորցնել մոդերատորի իր դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Մոսկվայի «աջակցությունն» իրականում ոչ այլ ինչ է, քան հայտնի «Լավրովի պլանի» առաջմղումը, որը, ինչպես հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, չեն ընդունում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։ Ակնհայտ է նաև, որ Ղարաբաղյան հակամարտությունը Մոսկվայի համար ազդեցության լծակ է Հարավային Կովկասում սեփական ազդեցությունն ու ներկայությունը պահպանելու համար։

Հետևաբար, Ղարաբաղյան հակամարտության ցանկացած այլ՝ ոչ ռուսական կարգավորում Մոսկվայի կողմից դիտարկվում է որպես Հարավային Կովկասի «ռազմական յուրացում»։ Ռուսաստանը հասկանում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ կորցնելու է ազդեցությունն ինչպես Հայաստանում ու Ադրբեջանում, այնպես էլ, որպես հետևանք՝ ողջ Հարավային Կովկասում։ Հետևաբար, Մոսկվան փորձելու է տորպեդահարել ղարաբաղյան հարցի լուծման ցանկացած այնպիսի տարբերակ, որը դուրս կլինի Արցախ զորք մտցնելու նպատակ ունեցող «Լավրովի պլանի» տրամաբանությունից։

Զախարովայի հայտարարություններն այսպիսով պետք է համարել Ռուսաստանի, իմա՝ Պուտինի անհանգստությունները՝ կապված Հայաստանի ինքնիշխան որոշումների, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում ռուսական պլանի տրամաբանությունից դուրս որոշումների կայացման հեռանկարի հետ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика