Ամեն անգամ դստերս նայելիս նոր կապ է առաջանում մեր միջև․Էմմա Հակոբյանը՝ մայրանալու և փոքրիկի համար յուրահատուկ անուն ընտրելու մասին

Վիտամին ակումբից Վանն ու հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը փետրվարի 20-ին ծնողներ են դարձել,սակայն որոշել էին այս թեման հանրայնացնել միայն փոքրիկի 40 օրականը լրանալուց հետո։Նրանք դուստր են ունեցել,փոքրիկի համար ընտրել են ոչ հայկական անուն՝Նաոմի։ Էմմայի խոսքով՝ աղջնակը մայրիկի պես սպիտակամաշկ է։ Նա ժպիտով հիշեց,որ երեխայի տեսքի մասին գուշակություններ սկսել էին անել դեռ հղիության վաղ շրջանից։Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Էմման առաջին անգամ խէսել է մայրանալու մասին՝ զրույցը վստահելով Tert.am Life-ին։

Նա պատմեց, որ բժշկի ամեն այցից հետո ինքն ու ամուսինը փորձել են էկրանի նկարից հասկանալ, թե ինչ տեսք է ունենալու իրենց դուստրը։«Պարզ է, որ նկարն ինչ անորակ է լինում նման դեպքերում։ Բայց ես տպել էի ու ամրացրել հայելուն, ամեն անգամ ուզում էի պատկերացնել։ Մեզ շատ էր հետաքրքրում, թե ում է նման լինելու նա։ Ես ավելի բաց եմ, իմ կողմն առավել շիկահեր ու սպիտակամորթ է, իսկ Վանի դեպքում՝ հակառակն է։ Դուստրս շիկահեր է ու սպիտակամորթ»,-ասաց հաղորդավարուհին։

Խոսելով փոքրիկի անվան ընտրության մասին՝ Էմման ասաց, որ մինչև ամուսնանալն իրենք քննարկել են անվան տարբերակներ, Նաոմին ամենահաճախ շրջանառվողն է եղել։ «Անվան ընտրությունը հանրաճանաչ մոդել Նաոմի Քեմբլի հետ կապ չունի»,- ժպիտով ասաց Էմման։«Բոլոր զույգերն էլ սիրում են խոսել, թե ինչպես կանվանեին իրենց փոքրիկին, ինչպիսին կլինի նա։ Մենք էլ բացառություն չէինք։ Երբ այդ թեմայով խոսում էինք, Նաոմին ամենաշատն էր շրջանառվում։ Նախ՝ շատ հետաքրքիր հնչողություն ունի, հետո իր մեջ երկու մշակույթ է պարունակում՝ հրեական և ճապոնական։ Երկու լեզվով էլ նշանակում է գեղեցիկ, չքնաղ։ Միանգամից որոշում կայացրինք, որ այդ անունն է լինելու , ոչ մի տարաձայնություն չկար»,-ասաց Էմման։

Դստեր հետ առաջին հանդիպման մասին հաղորդավարուհին զգացմունքային է խոսում։ Ըստ նրա՝ մայրիկ լինելու գիտակցումը միանգամից է լինում․ «Եթե առաջին պահի մասին խոսեմ, այդ ընթացքում դու այնքան հոգնած ու տանջված ես լինում, որ քեզ մի քիչ ժամանակ է պետք՝ ամբողջովին հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Դա այնքան զգացմունքային պահ էր, որ նույնիսկ ուղեղդ ի զորու չի լինում ամբողջը միանգամից ընկալել։ Բոլոր զգացմունքների համար ժամանակ է պետք։ Ամեն անգամ դստերս նայելիս նոր կապ է առաջանում մեր միջև։ Բայց առաջին վայրկյանից դու հասկանում ու զգում ես, որ ինքը քո երեխան է, իսկ դու արդեն մայրիկ ես»։

Էմման նշեց, որ հետծննդաբերական ընկճախտ չի ունեցել, չնայած մինչ փոքրիկի ծնվելը շատ է կարդացել այդ թեմայով․ «Մինչ բալիկիս ծնվելը ես հնարավոր բոլոր բլոգներն ու հոդվածները կարդում էի, թե ինչպես է լինում, ինչ է պատահում հետո։ Երբ կինն օգնություն չի ստանում, երեխային կերակրելը, միայնակ խնամելը, գիշերները չքնելն ու այլ հարցերը միայնակ է հոգում սկզբում շատ ծանր է։ Ես այդ առումով դժվարությունների միջով չեմ անցել»,-ասաց հաղորդավարուհին։

Ամուսինն ու մայրիկը Էմմայի հաճելի հոգսը սիրով են կիսում և հաղորդավարուհին ամբողջությամբ կարողանում է վայելել մայրության բերկրանքը․ «Իմ պարագայում կոլեկտիվ օգնություն կա, միշտ օգնող ձեռքեր ունեմ՝ մայրիկս, ամուսնինս։ Եթե գիշերը չեմ կարողացել քնել, քունս կիսատ է լինում, Վանն ինքն է փոքրիկով զբաղվում կերակրում է, քնեցնում է։ Երբ չկա հոգնածություն, գերզբաղվածություն, կարծում եմ, հնարավոր է խուսափել հետծննդաբերական դեպրեսիա ասվածից»։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика